Հրապարակումներ / Անդերրայթինգ
Անդերրայթինգ
Անդերրայթինգն (underwriting) ապահովագրության մեջ
Անդերրայթինգն այն գործընթացն է, որի միջոցով անհատը կամ կազմակերպությունը որոշակի վճարի դիմաց ստանձնում է ֆինանսական ռիսկ․ հիմնականում այն կիրառվում է ապահովագրական պայմանագրերի կնքման, ներդրումների իրականացման և վարկի տրամադրման գործընթացներում: Անդերրայթեր հասկացությունը կիրառվում է հին ժամանակներից, երբ յուրաքանչյուր ռիսկ ստանձնող (risk-taker) իր անունը գրում էր ռիսկի այն ընդհանուր գումարի տակ, որը ստանձնում էր որոշակի վճարի դիմաց։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում մեխանիզմները փոխվել են, սակայն անդերրայթինգը մնում է ֆինանսական աշխարհի կարևորագույն գործառույթներից մեկը:
Ապահովագրության մեջ անդերրայթինգն առանցքային գործընթաց է, որի միջոցով ապահովագրողը գնահատում է ռիսկը, մասնավորապես՝ վերլուծում է, թե որքան է հավանական, որ վնաս կլինի և որոշում է՝ տրամադրե՞լ արդյոք ապահովագրական ծածկույթ, ինչ սահմանաչափով, և ինչ ապահովագրավճարի դիմաց։
Օրինակ, երբ դիմում եք ապահովագրողին՝ ձեռք բերելու ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր, ապահովագրողը գնահատում է․
- Ձեր վարորդական պատմությունը (արդյո՞ք վերջին շրջանում մասնակցել եք ավտովթարի)
- Ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, տարեթիվը (գնահատում է մեքենայի վնասման դեպքում վերականգման միջին արժեքը)
- Անվտանգության համակարգի առկայությունը և այլն։
Երբ ապահովագրում եք ձեր բնակարանը կամ որևէ այլ անշարժ գույք, ապահովագրական ընկերությունը գնահատում է՝
- Գույքի տեղակայումը (բնական աղետների հավանականությունը)
- Օգտագործված շինարարական նյութերը
- Անվտանգության համակարգի առկայությունը և այլն։
Անդերրայթինգի միջոցով ապահովագրողները սահմանում են ապահովագրվող օբյեկտի իրական ռիսկի աստիճանին համապատասխան ապահովագրավճար՝ հաճախորդներին առաջարկելով օպտիմալ ծածկույթ ողջամիտ գնով։