Հրապարակումներ / Ռիսկ եւ ապահովագրություն
Ռիսկ եւ ապահովագրություն
Ի՞նչ է ռիսկը։
Կյանքը լի է անորոշություններով։ Պատահարները, հիվանդությունները, բնական աղետները և ֆինանսական ցնցումները կարող են ի հայտ գալ ցանկացած պահի։ Այս անորոշությունները կոչվում են ռիսկեր, և չնայած որոշ դեպքերում արժե ռիսկի գնալ, բազմաթիվ այլ դեպքերում դրանց ի հայտ գալը կարող է հանգեցնել լուրջ ֆինանսական կորուստների։
Ռիսկերի երկու հիմնական տեսակ կա՝
- Մաքուր ռիսկ – ունի երկու հնարավոր արդյունք՝ կա կորուստ կամ չկա կորուստ (երկրաշարժ, հրդեհ, հիվանդություն, գողություն)
- Սպեկուլյատիվ ռիսկ – կարող է հանգեցնել կորստի կամ շահույթի (բիզնեսի նախաձեռնում, ներդրումային գործունեություն)
Ապահովագրական ընկերությունները սովորաբար չեն ծածկում սպեկուլյատիվ ռիսկերը, քանի որ մարդիկ կամավոր դիմում են ռիսկի՝ ակնկալելով շահույթի ստացում։
Ինչպե՞ս ենք կառավարում ռիսկը։
- Լիովին խուսափում ենք ռիսկից՝ չենք վարում ձնաբքի ժամանակ
- Նվազեցնում ենք հավանականությունը կամ հետևանքները՝ տեղադրում ենք ծխի դետեկտորներ։
- Ընդունում և ծածկում ենք ռիսկերը ինքներս․ այս մոտեցումը կարող է արդարացված լինել փոքր ռիսկերի դեպքում։
- Ռիսկի փոխանցում՝ ֆինանսական բեռը փոխանցում ենք մեկ այլ կողմի. այստեղ է, որ ապահովագրությունը սկսում է աշխատել։
Ի՞նչ է ապահովագրությունը։
Ապահովագրությունը ֆինանսական անվտանգության ցանց է։ Դուք վճարում եք որոշակի ապահովագրավճար, և դրա դիմաց ապահովագրողը խոստանում է ծածկել ձեր վնասները որոշակի ռիսկերի առաջանալու դեպքում։
Ինչպե՞ս է գործում ապահովագրությունը։
Ապահովագրության գաղափարը հիմնված է ռիսկերի համախմբման վրա։ Ստեղծվում է համատեղ ֆոնդ, որին վճարումներ են կատարում բազմաթիվ մարդիկ և բիզնեսներ ապահովագրավճարի տեսքով։ Այս գումարն օգտագործվում է վնաս կրած անձանց պահանջները վճարելու համար։